Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2015 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարաններում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ՝ ըստ քննական առարկաների:
Դուք կարող եք օգտվել 2013– 2014 թվականներին հրատարակված շտեմարաններից՝ հաշվի առնելով կատարված փոփոխությունները:
Շտեմարանների լրամշակված տարբերակներին կարող եք ծանոթանալ atc.am կայքէջում:
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են նախորդ` 2013-2014 թթ. հրատարակված 4 շտեմարանները, որոնցից 2-րդ և 3-րդ մասերում կատարվել են միայն մասնակի փոփոխություններ, մասնավորապես ուղղվել են նկատված վրիպակները և թերությունները, իսկ 1-ին և 4-րդ մասերում կան նաև էական փոփոխություններ` կրճատումներ և հավելումներ: Այս երկու հատորների ծավալների համապատասխանեցման նպատակով որոշ առաջադրանքներ 1-ին հատորից տեղափոխվել են 4-րդ հատոր:
«Անգլերեն» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են 2014 թ. հրատարակված 3 շտեմարանները, 1-ին և 2-րդ մասերում տեղ են գտել առաջադրանքներ 3-րդ մասից, իսկ 3-րդ մասը լրացվել է նոր առաջադրանքներով: Նշված փոփոխությունները կատարվել են այն նպատակով, որպեսզի շտեմարանի յուրաքանչյուր հատորում ներառված լինեն կառուցվածքային բոլոր տիպերի առաջադրանքներ:
«Գերմաներեն» առարկայի շտեմարանների լրամշակված 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը չեն հրատարակվելու, այլ տեղադրվելու են atc.am կայքէջում:
«Մաթեմատիկա» առարկայի շտեմարանի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը 2012-2014 թվականներին հրատարակված շտեմարանների լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են շտեմարանում տեղ գտած վրիպակներին: Միայն շտեմարանի 3-րդ մասի առաջին գլխի որոշ բաժիններում ավելացվել են մի քանի նոր առաջադրանքներ:
«Քիմիա» առարկայի շտեմարանի նոր մաս չի հրատարակվելու: Շտեմարանի 1-ին, 2-րդ և 3-րդ վերահրատարակված մասերը նախորդ տարի գործածության մեջ եղած շտեմարանների լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են շտեմարանում տեղ գտած վրիպակներին:
«Ռուսաց լեզու» առարկայի շտեմարանների նոր մասեր չեն հրատարակվելու: Շտեմարանների լրամշակված 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը չեն տպագրվելու, այլ տեղադրվելու են atc.am կայքէջում:
«Աշխարհագրություն» առարկայի շտեմարանի երեք գրքերը նախորդ տարի գործածության մեջ եղած գրքերի լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են նախորդ գրքերում տեղ գտած վրիպակներին: Միայն շտեմարանի 2-րդ գրքի 7-րդ բաժնում ավելացվել են մի քանի նոր առաջադրանքներ:
«Ֆիզիկա» առարկայից պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարանի երեք գրքերը 2013-2014 թթ. Հրատարակված գրքերի լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են նախորդ տարիներին հրատարակված շտեմարաններում տեղ գտած վրիպակներին:
«Կենսաբանություն» առարկայի շտեմարանի չորս մասերը նախորդ տարի գործածության մեջ եղած շտեմարանների լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են դրանցում տեղ գտած վրիպակներին:
«Հայոց պատմություն» առարկայի շտեմարանները լրամշակվել են 2014 թ. հաստատված հայոց պատմության պետական ավարտական և միասնական քննության ուղեցույցին համապատասխան: Շտեմարանի երրորդ գրքում ավելացվել են առաջադրանքներ: 2015 թ. Պետական ավարտական և միասնական քննությունների թեստերը կազմվելու են լրամշակված շտեմարանների երեք հատորների առաջադրանքներից: 2013-2014 թթ. հրատարակված շտեմարանները կան atc.am կայքէջում: