Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է 2018-2019 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը:
Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել`
- հիմնական փուլի քննություններին չմասնակցած շրջանավարտները,
- միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները,
- պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է ներկայացնեն դիմում տնօրենի անունով:
Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ պետական ավարտական քննական առարկաներից միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննություններին (վերաքննություններին) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում:
Վերաքննություն հանձնողների տվյալները Գնահատման և թեստավորման կենտրոն են ներկայացնում մարզերի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունները:
Միասնական և կենտրոնացված լրացուցիչ քննություններին (2019թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել`
- այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել,
- նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2019թ. շրջանավարտները,
- օտարերկրյա ուսումնական հաստատությունների 2019թ. շրջանավարտները,
- այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով չեն մասնակցել կամ հիվանդության պատճառով ընդհատել են քննությունը,
- բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Միասնական և կենտրոնացված լրացուցիչ քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`
- լրացնել դիմում-հայտ,
- ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- 3X4 չափի լուսանկար:
Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից (1500 դրամ) ազատվում են
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները,
- առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
- առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության գրքույկի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից` ամեն օր` ժամը 10:00- 17:00:
Հասցեն` Երևան, Այգեստան 9/4:
Ընդունման ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին` ժամը 17:00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 57 54 60 հեռախոսահամարով:
Գնահատման և թեստավորման կենտրոն