Հունվարի 17-ին Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցում էին <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի շտեմարանի առաջին մասի հեղինակային խմբի անդամները, հայոց լեզվի և հայ գրականության այլ մասնագետներ և այդ առարկաները դասավանդող 40-ից ավելի ուսուցիչներ: Ավելի քան 4 ժամ տևած քննարկումից հետո շտեմարանի 1300 առաջադրանքներից առանձնացվեցին 21 վիճահարույց առաջադրանքներ: Շտեմարանի հեղինակներին հանձնարարվեց մեկ անգամ ևս քննարկել այդ առաջադրանքները, որից հետո ԳԹԿ-ի կայք-էջում կներկայացվի այն առաջադրանքների ցանկը, որոնք չեն ներառվի միասնական քննությունների թեստերում:
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ շարունակվելու է նման կլոր սեղանների անցկացումը շտեմարանները կազմողների, առարկայական մասնագետների ու ուսուցիչների մասնակցությամբ: